вторник, 12 февраля 2013 г.

Ուղղակի մտքեր...


  Անգամ հայելին է դարձել խաբուսիկ: Երբեմն լալիս է իմ հետ միասին: Երբեմն ժպտում է, նայում աչքերիս ու անամոթաբար քողարկում սուտը: Սուտը.... սուտը... ամեն ինչ սկսեց իմ ստեղծած ստից: 
  Իմ միակ տարածած սուտը, իմ լավ լավ լինելն էր: Իսկ մարդիկ հավատում են անգամ իմ ստին: Իսկ դու հավատա ստեղծած իմ եսին: Մարդիկ սիրում են կարդալ միայն այն, ինչ գրված է, իսկ ես սովոր եմ գրել: Գրել միայն այն, ինչ չկա, կամ գուցե երբեք էլ չի եղել: Դատարկ բան է: Իմ միակ վախը դատարկ մի բան էր: Իսկ մարդիկ վախենում են դատարկությունից: Մարդիկ սիրում են խառնվել ամբոխին, իսկ իմ ցանկությունն էր դուրս գալ միայնակ: Իմ միակ վախը քեզ խառնվել էր, իսկ մարդիկ սովոր են խառնել ամեն ինչ: Իմ միակ երազը քեզ տարբերելն էր, իսկ դու սիրում ես խառնվել ամբոխին: Գուցե, դա էր մեր տարբերությունը: Իմ միակ արգելքը իմ աչքերն էին, քո աչքերն անգամ ուրացան արգելքիս: Դու իմ միակ, դու իմ թախիծ պարուրված աչքերիս, դու իմ միակ ապտակն ես, որ սթափեցրեց անցյալի շուքից: 
  Անցյալ... Անցյալ... այն կորած ու կորցրած անցյալը, որ անկարելի է նորից ետ բերել: 
 Ախ, Տեր, իմ միակ ցանկությունը գույներն են: Գույներ եմ ուզում: Արևն անգամ սև է թվում, իսկ գիշերը երբեմն սպիտակ դժոխք հիշեցնում: Լուսինն էլ կորել ու չի երևում: Միայն մի քանի աստղեր եմ տեսնում, իրենց դրել են լուսնիս լրացնող:   
Ախ, ինչքան շատ են մոլագար մարդիկ այս անիծված աշխարհում: 
 Մտքեր....մտքեր.. կանգ առեք: Բավ է: Նայեք, ներքևի կածանում լույսը պահմտոցի է խաղում: Գնացեք, նա է ձեր խաղընկերը: 
 Անսովոր է: Թվում է, թե շուրջս ծիածաններ են քանդվում ու հյուսվում: Իսկ ես մնացել եմ, որ տեսնեմ թե ինչպես է խաղում լույսի ստվերը մի կաթ ջրում: 

вторник, 5 февраля 2013 г.

Ներիր

 Քանի ու քանի խաղեր եմ հաղթել, քանի ու քանի սրտեր եմ կոտրել, ու ինքս ինձ «դավաճան» կոչել:
Այո... դավաճան եմ ես, դավաճան եմ ինքս ինձնից անկախ քեզ սպասելու համար:
 Այո, սիրելիս, դավաճան եմ ես, ինքս ինձնից թաքուն երազելու համար, դավաճան եմ նաև հավատալու համար:
  Ինքս ինձնից անկախ, ինքս ինձնից թաքուն քեզ պատկերացնելու համար, անշուշտ, դավաճան եմ ես: 
  Դավաճան եմ հազարին հազարով մերժելու, հազարից հազարով առհամարելու, քեզ մեծարելու, քեզ երազելու համար:
  Իհարկե, համաձայն եմ, դավաճան եմ քեզ ներելու համար: 
Դավաճան եմ ես, ընդունում եմ:
Դավաճան եմ, որ ինքս ինձ դավաճան կոչեցի:
Դավաճան եմ իմ անդավաճան սիրով, սիրելիս:
 Այո, դավաճան եմ քեզ չլրացնելու համար: 
 Դավաճան եմ իմ հույսով, իմ հավատով, որ սպանեցիր երկու վայրկյանում: Ախ, դու իմ անդավաճան, ներիր դավաճանիդ, գուցե և հետո դառնամ «անդավաճան» քեզ` ԴԱՎԱՃԱՆԻԴ:

понедельник, 4 февраля 2013 г.

Փոշոտ լռություն...


   Ուժ եմ գտել լռեցնելու լռությունս: Փակել եմ բերանը, դրել` տուփի մեջ, պահել եմ այնպես, որ շնչահեղձ լինի: Իսկ այն, անշուշտ, ուզում է խոսել: Ուզում է, սակայն ուրիշ ճար չունի:
  Դուք` մարդիկդ, ինչպես եք կոչում այդ, երբ գոռում է լռությունը: Ես կոչում եմ ծամածռություն, ես կոչում եմ խաբկանք, գուցե: Ես կոչում եմ հիմարություն: Լռություն, սպանվել ես քո աղմուկով, սպանել ես ինձ` սպանվածիս: Այնպես արա քեզ բաց թողնեմ, որ շունչ քաշեմ, խեղդվում եմ արդեն: Թույլ տուր զգամ ազատության հոտը, բաց թող ձեռքս, բաց արա աչքերս:
   Լռությունն ու ես հավերժական թելերով կապվել ենք, կապվել ու ստեղծել ենք հիմար կապանքներ, պարաններ ենք կապել ու ճոճվում ենք անընդհատ: Մեկ` իմ կողմ, մեկ` նրա: Մեկ` աջ, մեկ` ձախ, հետ ու առաջ, գնում, գալիս, մեզ ենք փնտրում ու չենք գտնում, միայն ստվերներ ենք նկատում, սակայն մատնում ենք լռության, անցնւմ ենք, գնում: Ախխխ այս ձևությունը, որ սարքեցի ես պահմտոցի: Փնտրում եմ նրանց, բայց գտնում եմ մեզ` ինձ ու լռությանս: Հաճախ, նաև, թաց աչքեր, սպիացած այտեր, սպասող շուրթեր, սառած մատներ ու հոգնած դեմքեր:
   Մեկ է լուռ եմ: Ես կոտրում եմ ամեն ինչ հասկանալու քո անիծյալ շնորհը: Դու խոսում ես, ես լռում եմ: Ես լռում եմ դու խոսում ես:
 Լոկ մի քանի բառ, մի քանի րոպե տուր ինձ, ու վերջապես մաքրիր լռությանս վրայի փոշին, ուզում եմ շնչել սիրելիս: